ԽԱՏԽԱ ՅՈԳԱ
Յոգայի ուսմունքը հազարամյակների պատմություն ունի: Ուսմունքի հիմնական դրույթներն առաջին անգամ համակարգել է Պատանջալին Ք.Ա. երկրորդ հազարամյակում իր <<Յոգասուտրա>> գրքում: Նա յոգայի հիմնադիրն է, ով 196 աֆորիզմների հեղինակ է, որոնք կոչվում են յոգասուտրաներ: Յոգան նպատակ ունի իրացնել մարդու պոտենցյալ հնարավորությունները: Այն մարդուն սովորեցնում է իր ՙԵս՚ -ը կապակցել տիեզերական անսահման էներգիայի հետ, ապահովել մարմնի, մտքի և հոգու կապը, դրանց համաչափ ու փոխներգործող զարգացումը, գործողությունների կատարելությունը: Յոգայի միջոցով կարող ենք փոխել մեզ, վերահսկել մեր հույզերն ու գիտակցությունը, հաղթահարել խոչնդոտները` հոգեվոր պայծառացման ճանապարհին և հասնել յոգայի նպատակին:
Խատխա յոգան ուսմունքի սկզբնական և հիմնական տեսակն է, որը նպատակ ունի ստեղծել հզոր, կատարյալ ու առողջ մարմին և հոգի: Խաթխա յոգան իրականացվում է ասանաների միջով: Ասանա նշանակում է մարմնի ստատիկ դիրքեր: Ըստ Պատանջալիի դիրքերը նպաստում են մարմնի կայունությանն ու հավասարակշռությանը: Ասանաների կատարումը վերադարձնում է մարմնի կենսական ուժն ու առողջությունը, ակտիվացնում է ներքին օրգանների աշխատանքը: Ասանաների հիմնական նշանակությունը կայանում է մարմնի և մտքի միջև կապի հաստատման մեջ, որպեսզի դրանց ներդաշնակությունը թույլ տա շարժվել ֆիզիկական կատարելությունից դեպի հոգևոր կատարելություն: Գոյություն ունեն 84000 ասանաներ: Սակայն, մեր առօրյայում մեկ տասնյակ ասանաները բավարար են ցանկալի արդյունքի հասնելու համար: Ասանաները նման են մարմնամարզական վարժություններին, սակայն դրանք զուգակցվում են պրանայամայի հետ: Պրանայաման տիեզերական ենթակառուցվածք է, որը համարվում է գոյություն ունեցողի հիմքը և գոյատևման պայմանը: Պրանայաման շնչառական վարժությունների համակարգ է, որը մարդուն լիցքավորում է տիեզերական էներգիայով, հավասարակշռում է դրական (յան) և բացասական ( ին) էներգիաները, մարդու վիբրացիաներն ու ռիթմերը համապատասխանեցնում բնության վիբրացիաներին ու ռիթմերին: Պրանայաման ակտիվացնում է մարդու էներգետիկ կենտրոնները (չակրաները): Պրանայաման զուգակցվում է մեդիտացիաների հետ: Այն նշանակում է կենտրոնացում, ներհայեցողություն, ինքնադիտարկում և այլն: Մեդիտացիան ստեղծում է հաճելի հանգստի վիճակ, որտեղ միտքը կենտրոնանում է մեկ օբեկտի վրա՝ առանց տատանվելու երկար ժամանակ պահելով այդ վիճակը: Մեդիտացիան նպաստում է ինքնաճանաչողությանը հավասարակշռվածությանը, արտաքին անցանկալի գրգռիչների, հատկապես՝ ստրեսորների ազդեցությունը վերացնելուն: Այն մարդուն ձերբազատում է նեգատիվիզմից, օգնում է բնական հարաբերություն ստեղծել մարդու և աշխարհի միջև:
Խաթխա յոգան որևէ առնչություն չունի կրոնի, միստիկայի, հիպնոսի, մոգության, օկուլտիզմի և նմանատիպ այլ երևույթների հետ:



